
Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ` քաղաք)։ 1952-ին ավարտել է Երևանի Մ. Մալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին` Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-80-ին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեումէ սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա` գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։

1978-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացնում է նրա կատակերգությունները։ 1979-ին Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական (1983) պետական թատրոններում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի՝ 1989-90-ի խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսներ՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։ Հ. Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994-ին, իսկ «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001-ին Իրանում։
Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992-ին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը, իսկ «Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993-ին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997-ին։
0 коммент.:
Отправить комментарий