Կապուտակ երկնքից մեղմորեն ժպտաց արեգակը: Դաշտ ու անտառ, սար ու ձոր ողողվեցին արևի ոսկեզօծ շողերով: Լսվեց թռչունների վաղորդյան ճռվողյունը: Մեղմօրոր քամու շոյանքից թիթեռնիկն արթնացավ: Մեկ օրվա կյանք ուներ, պետք է շտապեր: Ծաղիկներով լի դաշտը կանչում էր նրան:
Հանապազօրյա հոգսերով տարված մարդիկ չնկատեցին թիթեռնիկին: Միայն կապուտաչյա մանուշակները մեղմորեն ժպտացին գեղեցկուհուն:
Տոթ կեսօրին թիթեռնիկը հասավ սառնորակ աղբյուրին: Հիացավ արագոտն եղնիկներով և նապաստակներով: Երազանքով նայեց ջինջ երկնքում թևածող ծիծեռնակներին:
Երեկո էր: Հողմակոծ քամին քշեց նրան: Թիթեռն անզոր թևերով դիմադրեց, բայց անօգուտ: Տարօրինակ և անսովոր դող զգաց:
Ապրեց կարճ, բայց գեղեցիկ կյանքով:
Հաջորդ օրը` հրաշեկ արևի ճառագայթները ոսկեզօծեցին դաշտը: Խոր քնից արթնացան ծաղիկները: Անօրինակ հրճվանքով իր ձյունե օրորոցից դուրս եկավ ձնծաղիկը: Նրբորեն նազեց մանուշակը: Կակաչը բացեց սևորակ աչքերը, մեղմ շորորաց երիցուկը: Քիչ անց երկվորյակ զանգակները ձայնեցին իրար: Թռչունների վաղորդյան ճռվողյունից գլուխը վեր հանեց բոսորավառ նարգիզը: Խախտվեց հնօրյա անտառի ձմեռային անդորրը: Բնությունը օրհներգում էր գարնան գալուստը:
Բոլորին տարօրինակ էր թվում, որ երբևէ ցուրտ ու սառնամանիք է եղել:
Ափսոս՝ թիթեռնիկը այդ օրը չկար:
Գարնան հիասքանչ տեսարան
0 коммент.:
Отправить комментарий