воскресенье, 30 июня 2013 г.

Գուրգեն Մահարի, «Երեւանյան քանդակներ»

«Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի եւ ոչ հարգելի պատճառներով եւ եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետեւ հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա»: Գուրգեն Մահարի













ՈՐՊԵՍ ՆԱԽԵՐԳ

Ես ուզում եմ գրել Երեւանի մասին:

Վերջերս ես եղա մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում եւ մի անգամ էլ հիշեցի հին Երեւանը: Ես հիշեցի հին Երեւանը եւ հատկապես գավառական այդ մայրաքաղաքի կամ մայրագյուղի այն վայրերը, որտեղ փռված է հիմա սաղարթախիտ ծառերով եւ գարնանային թարմությամբ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին: Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երեւանի մասին, չես կարող չհիշել հինը: Չես կարող չհիշել հինը եւ չզարմանալ,- այդ ե՞րբ էր: Այդ ե՞րբ էր: Ճիշտ այստեղ…

Բայց դա չի մտնում իմ գրավոր խոհերի եւ մտորումների նախերգում: Այդ բուն երգն է, տխրությամբ ու նաիրյան վշտով թովուն մի երգ, որը, սակայն, վերջանում է զվարթ, առնական, շենշող, մեր մեծ ներկայի եւ հաղթական ապագայի նման:

Ես իմ նախերգով միայն ակնարկում եմ, որ ուզում եմ գրել Երեւանի եւ հատկապես նրա այն վայրերի մասին, որտեղ փռված է հիմա` երգող ծառերով եւ շնչող ծառուղիներով հարուստ Կիրովի անվան մանկական զբոսայգին:
ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՇԱՐԺԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ

Ոչ Շիլաչի մահլի հողաշեն եւ կավաշեն տնակները, ոչ հնամենի Կոնդն իր կոնդապատկան շրջակայքով, նիստուկացով եւ բարդիների խշշոցով, չկարողացան դառնալ հին Երեւանի կենցաղային ու տեղագրական կենտրոնը:

Երբ հիշում ես հին Երեւանը, առաջինը, որ փռվում է հիշողությանդ լուսարձակի տակ, դա Ղանթարն է եւ նրա ղանթարական «հարստությունները»:

Այդ այն է, ինչ Աբովյանի օրերին կոչվել է «չարսու բազար», որի մասին անմոռանալի էջեր է թողել անհայտ ճանապարհորդ Ջիովանելին եւ հայտնի վիպերգակ Ակսել Բակունցը, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:

Սակայն այն, ինչին վերահասու եղավ իմ սերունդը, ամենեւին նման չէր իտալացի վանական, անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելու նկարագրած կախարդական չարսու բազարին: Դեռ 1840 թվին անհետացել էին եւ չարսու բազարի բակում շրջող սիրամարգերն ու դրախտային թռչունները, շատրվանն ու նման հազար ու մի հրաշալիքներ:

Մի դար հետո, Ակսել Բակունցի նկարագրությամբ, «…մնում էին անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ քանդել էին ռուսները եւ աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար…»:

Ինչին որ հասավ իմ սերունդը, դա ոչնչով նման չէր ոչ իտալացի ճանապարհորդի տեսած, ոչ գորիսեցի վիպերգակի նկարագրած չարսու բազարին: Սակայն արդարության դեմ մեղանչած կլինեինք, եթե ուրանայինք, որ Ղանթարն է հին Երեւանի ամենահիշարժան եւ տեսարժան վայրը:

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ. ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՀԵՏ

Նրա հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու:

- Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի:- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել: Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը: Բայց ահա` 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով:

Հե-ռո՜ւ հիշողություն:

Շոգ է, երեւանյան ամառային այրող արեւ: Փոշու միջով քայլում ենք, ինչպես ձմռան ձյուների միջով: Նա ոտքը խփում է մի քարի ու շարժում տեղից.

- Գուցե Աբովյանի ոտն էլ է կպել էս քարին: Իսկ 50-60 թվերին դու չես տեսնի մի քար, որին կպած լինեն մեր ոտները: Չես գտնի:

Նա ժպտում էր իր խոհերին, ինքն իրեն եւ կրկնում.

- Երեւան, չարսու բազար…

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ. «ՀԵՌՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ»

Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ նկարագրել եմ իմ «Երիտասարդության սեմին» գրքում` Ղանթարի մասին: Ես այնտեղ նկարագրել եմ, այսպես կոչվող, նախահեղափոխական Ղանթարը, այն Ղանթարը, որը գոյություն ուներ մինչեւ 1920 թվականը:

Բայց չէ՞ որ Ղանթարը պահեց իր գոյությունը դեռ երկար տարիներ: Երեւանի տժվժիկն ու Վանի ժաժիկը դեռ երկար տարիներ դիմացան, ու Ղանթարը երկար տարիներ հպարտանում էր թե մեկով, թե մյուսով: Բայց փոխվել էին ժամանակները: Կոոպերացիան, պետական առեւտուրը քայլ առ քայլ առաջանում էին, ուժեղանում, մասնավորը նահանջում էր ու թուլանում:

Այնտեղ, մանկական զբոսայգու հյուսիսային կողմում, որտեղ այժմ կանգնած է «Արարատ» տրեստի բնակելի շենքը, կամ հենց այնտեղ, որտեղ մանկական հրապարակն է եւ կարուսելը, մանր խանութներ էին, որտեղ ապաստանել էին չթավաճառներն ու մանր առեւտրականներ: Նրանք անգործությունից ու ձանձրույթից մոտենում էին իրար եւ տխուր դեմքով ուրախ կատակում.

- Ախանես աղա՞, առուտուր անելով մեռար, չերթա՞նք մի փարթի նարդի խաղանք:

- Ռուբեն աղա, էսպես որ էրթա գործը, Աֆրիկով կդառնաս ու մեզ էլ բարեւ չես տա…

Ղանթարի շուրջը չէին թափառում այլեւս անապաստան մանուկները: Նրանք տեղավորված էին պետական մանկատներում:

Մինչեւ 20 թվականը «սպեկուլյանտ» կոչումը պաշտոնի պես բան էր.

- Քո մարդն ի՞նչ գործի է, տիկին Սաթենիկ:

- Հարկային տեսուչ:

- Հարկային տեսո՞ւչ,- արհամարհանքով ասում էր խոսակիցը,- էլ գործ չի՞ գտել: Իմ Սեդրակը սպեկուլյանտ է:

Քսան թվից հետո «սպեկուլյանտ»-ը դարձավ նախ թեթեւ, միջին եւ ի վերջո` ծանր հայհոյական խոսք: Մի օր էլ լուր տարածվեց, որ Ղանթարն իր շրջակա ղանթարական խանութներով եւ հողերով ընկել է «պլանի տակ»:

- Լավ,- հարցրեց Ախանես աղան Փանոս աղային, երբ երեկոյան փակում էին խանութները,- ապա մասնավոր առեւտրականները ո՞նց պիտի գործ անեն:

- Մասնավորները գործ չպիտի անեն,- պատասխանեց Փանոս աղան,- մասնավոր առուտուրը պիտի վերջանա:

Ախանես աղան նայեց իր խոսակցին եւ խորին համոզմունքով առարկեց.

- Առանց մասնավոր առուտուրի պետություն չի լինի:

- Կլինի,- մռմռաց Փանոս աղան, եւ երկուսն էլ լռեցին:

ԵՐԳ ՉՈՐՐՈՐԴ. ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ

Առաջին հնգամյակի վերջերին Երեւան էր եկել դեռ երիտասարդ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը: Մենք գնում էինք Կապույտ մզկիթ՝ թեյ խմելու: Ղանթարն ապրում էր իր վերջալույսը:

Մեր ճանապարհը կտրեց մի գյուղացի իր ավանակով:

- Այս էշը ես եմ,- ասաց Սարոյանն իր անգլերենանման հայերենով:

- Ինչո՞ւ,- զարմացա ես:

- Իմ հայրս միշտ ինձի կըսեր՝ երբ մեծանաս, էշ պիտի դառնաս,- եղավ պատասխանը:

Վիլյամ Սարոյանն այլեւս Երեւան չի եկել: Եթե հիմա գա, հազիվ թե հիշի իր հորը: Այո, եթե այսօր Երեւանի փողոցներում ավանակի հանդիպես, բռնիր եւ հանձնիր միլիցիային: Միլիցիան կհանձնի իր օրինական տիրոջը` կենդանաբանական այգու տեսչությանը…

ԵՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ

«Մեռնում է հին, դարավոր Երեւանը»,- ահազանգեց արձակագիր Մկրտիչ Արմենը դեռ 1931 թվականին՝ իր «Երեւան» վեպում:

Եվ ի՞նչ էր այդ հին Երեւանը,- հողաշեն տներ` տափակ կտուրներով, գավառական փոշի, գավառական ձանձրույթ:

Եվ ինչ էր այդ հին Երեւանը,- նեղ, ծուռումուռ քուչաներ, ռուսական եկեղեցի, պարսկական բաղնիք ու չայխանա, հայկական թախիծ ու թեմական քաշքշուկ…

ԵՐԵՎԱՆ ԲԱՂ ԵՄ ԱՐԵԼ…

Սովետական կարգերը թեւ տվին հանճարեղ ճարտարապետին, ու աշխարհ եկավ նոր Թամանյանի Երեւանը:

Աշխարհ եկավ եւ սկսեց աճել Սասունցի Դավթի նման՝ արագ, տիրական, ամուր: Երեւանը դուրս եկավ իր ափերից, ասպատակեց բլուրները, ձգվեց Հրազդանից այն կողմ, Կայարանից այն կողմ, արվարձանների վերածեց Արաբկիրը, Շահումյանը, Նոր Արեշը, Քանաքեռը…

Հին Երեւանը, որն Արմենի գրքում վառվում է արեւելյան ֆանտաստիկ, կախարդական գույներով, այսօր պատմություն է ու ռոմանտիկա: Դրա փոխարեն որոտում է նոր Երեւանը` իրական, շոշափելի, տեսանելի եւ լսելի Երեւանը, շքեղ քաղաքամայրը Սովետական Հայաստանի:

ՎԵՐՋԵՐԳ

Գարնանային արեւով ողողվել է Երեւանը:

Գուցե ոչ մի տեղ գարունն այնպես զգալի չէ, որքան մեր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում: Եվ այդ հասկանալի է: Մանկությունն ինքը հենց գարունն է, անկախ նրանից, թե գարո՞ւն է, ամա՞ռ, աշո՞ւն է, թե՞ ձմեռ…

Գարունը կրկնակի գարուն է Կիրովի անվան մանկական այգում: Գարուն` գարնան հետ, գարուն` ողողված գարունով, գարուն` գարունված գարուններով: Եվ ամեն անգամ, երբ առիթ է լինում գրել նոր Երեւանի մասին, չես կարող չհիշել հինը…

Մահարու այս ստեղծագործությունը դեռեւս անտիպ է, իսկ ձեռագիրը պահվում է Հայաստանի ազգային արխիվում, (ֆոնդ 709, ցուցակ 2, գործ 406): Մահարու կողմից բնագրի մեջ կոնկրետ թվական նշված չէ, բայց ենթադրվում է, որ այն գրել է 1960-ական թվականներին:

Աղբյուր՝ http://www.hraparak.am/85619/
                Նունե Մովսիսյանի բլոգ` <<Հայկական կակաչ>>

0 коммент.:

Отправить комментарий

 

Гости из разных стран

Flag Counter

Гости

Красивый аквариум

Ваш IP